News Archives - Unicomp

Տեղի ունեցավ Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը

Դեկտեմբերի 9-ին, Մատենադարանում կայացավ խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը: Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է Յունիքոմփ ընկերությունը։

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։
Բոլոր պանելային քննարկումները լինելու են հայեցակարգային։
Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին» – նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Մենք այսօր չենք խոսելու տեխնիկական լեզվով։ Այսօր մենք գնահատելու ենք ներկան և խոսելու ենք ապագայի մասին։ Այս անգամ միջոցառումը նվիրված է թվային գործիքների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, և այդ նպատակով մեր պանելային քննարկումներին մասնակցություն կունենան նաև տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։ Ի՞նչ առավելություններ է բիզնեսներին տալիս խելացի լուծումների կիրառումը և ո՞րոնք են զարգացման հեռանկարները։ Ահա այս երկու հիմնական հարցերի պատասխաններն ենք փորձելու տալ այսօրվա միջոցառման ընթացքում»,- ողջույնի խոսքում նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Այս անգամ գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։

Խելացի կառավարում պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի նախագահ Սուրեն Քրմոյանը, ՀԱՀ,Սիմոն Մանուկյան քոլեջի «Բիզնես և տնտեսագիտություն» բաժնի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Խելացի տնտեսություն պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, COAF գործդիր տնօրեն Կորյուն Խաչադուրյանը, Hihub բիզնեսի զարգացման տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը և ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Խելացի բանկային համակարգ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Ամերիաբանկ ՓԲԸ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Textn’Payme» կազմակերպության հիմնադիր Արթուր Կարապետյանը։

Խելացի ենթակառուցվածքներ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հնանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (Ռոստելեկոմ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և «Ռեդինետ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանը։

Հունիսի 17-ին, Մատենադարանում կայացավ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված թվային փոխակերպմանը: Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները համաշխարհային առաջատար կազմակերպություններից հրավիրված փորձագետները քննարկել են տարբեր ոլորտներում թվային փոխակերպման կարևորության և թվային լուծումների կիրառման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս տարվա թեմաներն էին՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն:

«Թվային փոխակերպում», և «Ֆինթեք» խորագրերով պանելային քննարկումների ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, մասնավորապես՝ թվայնացման ռազմավարությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքները և անվտանգությունը, անդրադարձել են նաև Հայաստանի թվայնացման հետ կապված խնդիրներին և մարտահրավերներին, կիսվել իրենց փորձով:

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը: SILICON MOUNTAINS 2022-ի գլխավոր գործընկերն էր Cisco ընկերությունը, գործընկերներն էին՝ «Յունիքոմփ» ՓԲԸ, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Հայլինք թեքնոլոջիզ» ՍՊԸ, «Սոլարա» ՍՊԸ, Տեսլա Էներջի,Վիասֆեր Տեխնոպարկ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում: Ինֆորմացիոն աջակիցն էր news.am-ը։

news.am-ի անդրադարձը SILICON MOUNTAINS 2022 գագաթնաժողովին

Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ 

Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։ 

Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։  Ձեր երկիրը ներուժ  ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:

«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

«Վերջերս ձևավորվել է մի միջավայր, որտեղ մեկ ամսվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների բնագավառի համայնքի ներկայացուցիչները միջոցառումներ են կազմակերպում՝ Ինժեներական շաբաթ, DigiWeek, DigiTec, հիմա էլ «Սիլիկոնյան լեռներ» գագաթնաժողով։ 20 տարիների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ավելի գնահատվի գիտելիքը,  հնարավորությունը,  տաղանդը, որը  տարիներ շարունակ այլ ուղղությամբ է օգտագործվել: Հաջորդ հաջողությունների իրականացումը կախված է բոլորիցս. պետություն, հասարակություն և առավել ևս՝ համայնք։ Բոլոր հանդիպումների ընթացքում համայնքը մի կարևոր հարց է բարձրացնում՝ Հայաստանի զարգացման ուղին մեկն է՝ գիտելիքը», իր խոսքում նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։

«SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», – ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:

«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում:  SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը«Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը: 

Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում: Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին«Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԲԱՆԱ-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ): Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո: Մասնակիցներն էին «Յունիքոմփ»-ի Համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «ԱԿԲԱ բանկ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և «Վիվա-ՄՏՍ» ընկերության Ներքին հսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:

Հաջողությամբ կատարելով որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջները, Cisco ընկերության կողմից Յունիքոմփին շնորհվել է Collaboration SaaS Authorized Partner կարգավիճակ։ Այս մասնագիտացումը հավաստում է, որ մեր թիմն ունի անհրաժեշտ գիտելիքները և կարող է առաջարկել ձեր բիզնեսի համար օպտիմալ Webex լուծումներ, ինչպես նաև կարգաբերել, ինտեգրել և իրականացնել համակարգի հետագա սպասարկումը:

Սա նշանակալի ձեռքբերում է՝ հատկապես մեր օրերում, երբ հեռահաղորդակցման լուծումների դերը գնալով մեծանում է, իսկ բիզնեսը փորձում է հարմարվել ստեղծված նոր իրավիճակին՝ համավարակի պայմաններում գործելու համար:

Cisco Webex- ը ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հեռավար համատեղ աշխատանքի համակարգ է։ Webex-ը տրամադրում է առցանց հանդիպումներ և միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտ գործիքակազմ, ինչպես նաև թիմային ակնթարթային նամակագրության, ֆայլերի անվտանգ փոխանակման և այլ հնարավորություններ։ 

Webex- ը հանդիսանում է համատեղ աշխատանքի առաջատար համակարգերից մեկը և նախատեսված է ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների համար:

Համակարգը ներառում է հաղորդակցության և համատեղ աշխատանքի համար նախատեսված մի շարք ծառայություններ, որոնցից հիմնականներն են՝ Webex Meetings, Webex Teams, Webex Training, և Webex Events հարթակները։

Աշխարհում կորոնավիրուսի (COVID-19) սրընթաց տարածման պատճառով հեռավար աշխատանքի անհրաժեշտության աննախադեպ աճին արձագանքելով, Յունիքոմփ և Cisco Systems ընկերությունները իրավիճակին ուղղված քայլեր են ձեռնարկել, որպեսզի բավարարեն հաճախորդների փոփոխվող կարիքները:

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերը մեր հանրապետությունում և դրանով պայմանավորված նախօրեին կառավարության կողմից հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու որոշումը՝ բազմաթիվ ուսումնական հաստատություններ, պետական և մասնավոր ոլորտների ընկերություններ ստիպված են աշխատանքային և ուսումնական գործընթացները կազմակերպել հեռակա:

Յունիքոմփ ընկերությունը, հանդիսանալով Cisco Systems ընկերության պրեմիեր գործընկեր, Cisco Systems ընկերության հետ համատեղ Ձեր անխափան և արդյունավետ գործունեության համար առաջարկում է հեռավար ուսուցման և աշխատանքի կազմակերպման կատարելագործված գործիքների անվճար ժամանակավոր արտոնագրեր:

Առաջարկը տարածվում է հետևյալ հիմնական համակարգերի վրա՝

Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հեռավար համատեղ աշխատանքի (collaboration) համակարգ՝ Cisco Webex, որի բոլոր բաղադրիչները հասանելի են թե՛ ստացիոնար և թե՛ շարժական սարքերի համար, ինչպես նաև համատեղելի են տարբեր պլատֆորմների հետ: Webex համակարգը ներառում է հետևյալ առանձին գործիքները՝

  • Առցանց ուսուցման համակարգ Webex Training Center, որն ապահովում է բարձր արդյունավետությամբ հեռավար ուսուցում՝ ինտերնետ հասանելիություն ունեցող ցանկացած օգտատերի,
  • Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված վեբ և վիդեո կոնֆերանսների կազմակերպման համակարգ՝ Webex Meeting Center,
  • Մասշտաբային առցանց միջոցառումների կազմակերպման համար նախատեսված համակարգ՝ Webex Event Center,
  • Հաճախորդների հեռավար սպասարկման համակարգ՝ Webex Support Center, որը թույլ է տալիս բարելավել հաճախորդների գոհունակությունը և նվազեցնել սպասարկման ծախսերը:

Ի լրումն նշված համակարգերի առաջարկում ենք նաև հեռավար ուսուցման և աշխատանքի, ինչպես նաև կորպորատիվ ցանցի անվտանգության ապահովման կատարելագործված գործիքներ:

Կորպորատիվ ցանցին ստացիոնար և շարժական սարքերից հեռակա անվտանգ VPN հասանելիություն՝ Cisco AnyConnect Secure Mobility Client (VPN), որը մի շարք եզակի հնարավորությունների շնորհիվ ապահովում է սարքերի ավելի բարձր աստիճանի պաշտպանություն:

Ինտերնետ հասանելիության հսկողություն և պաշտպանություն՝ Cisco Umbrella, որն ապահովում է անվտանգությունը նույնիսկ VPN կապի միջոցով կորպորատիվ ցանցին միանալու հնարավորության բացակայության դեպքում: Լուծումը չի պահանջում ապարատային կամ ծրագրային լրացուցիչ բաղադրիչների տեղադրում և, ըստ էության, հանդիսանում է ընդլայնված անվտանգության հնարավորություններով պաշտպանված DNS սերվեր, որը կարգաբերվում է մի քանի րոպեի ընթացքում:

Այս օրերին, ապահովելով իր աշխատակիցների անվտանգությունը և իրականացնելով անհրաժեշտ բոլոր միջոցառումները, Յունիքոմփը շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ պատրաստ լինելով տրամադրել իր մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը բոլոր գործընկերներին:

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն օգտվել վերը նշված համակարգերից՝ խնդրում ենք հարցումներն ուղարկել covid19@unicomp.am էլ. փոստի հասցեին: Մեր աշխատակիցները օպերատիվ կարձագանքեն Ձեր հարցումներին և անվճար հիմունքներով կաջակցեն հեռավար ուսուցման, աշխատանքի, ինչպես նաև անվտանգության գործընթացների կազմակերպման աշխատանքներին:

Ինչպես և ակնկալում էին միջազգային հեղինակավոր կառույցները, կորոնովիրուսը սկսել է ազդել համաշխարհային տնտեսության վրա։

Վիրուսը առավել ակտիվ տարածվեց և շարունակում է տարածվել 2020թ-ի․ առաջին եռամսյակում։ Վիրուսի արտակարգ տարածումը հանգեցրեց ֆորս-մաժոռային իրավիճակի՝ դրա դեմ պայքարի միջոցառումների էական խստացման պատճառով։ Սահմանափակվեցին, իսկ որոշ դեպքերում փակվեցին, Չինաստանում տեղակայված չինական և միջազգային ընկերությունների գործարանները։

Չինաստանում, իրավիճակից ելնելով, երկարաձգվեցին հունվարի 24-ից փետրվարի 8-ը նախատեսված Չինական Նոր Տարվա արձակուրդները։ Արդյունքում գլխավորապես տուժեցին տեխնոլոգիական ձեռնարկությունները, քանի որ վերջիններիս հիմնական արտադրական կարողությունները տեղակայված են Չինաստանում, կամ առնվազն պահեստամասերը մեծ մասամբ արտադրվում են Չինաստանում։ Այժմ բոլոր համաշխարհային արտադրողները ունեն արտադրության էական սահմանափակումներ։

Ցավոք, այս իրավիճակը ազդեց նաև մեր ընկերության մատակարարումների և պայմանագրային պարտավորությունների ընթացքի վրա՝ առաջացնելով մատակարարման ժամանակացույցից զգալի ուշացումներ և շեղումներ։ Արդեն իսկ զգալիորեն ուշացել է Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի (ԿՏԱԿ) հետ ունեցած պայմանագրով նախատեսված 80 դյուրակիր համակարգիչների մատակարարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության համար։

Իրավիճակը չփոխվելու դեպքում կարող են տուժել նաև մեր մյուս պատվիրատուների մատակարարումները։

Մենք շուրջօրյա ռեժիմով աշխատում ենք մեր մատակարարների և գործընկերների հետ՝ իրավիճակը հնարավորինս կառավարելի դարձնելու ուղղությամբ։ Հուսով ենք՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը կտան իրենց արդյունքը այս ֆորս մաժորային իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու համար։

Մեր աշխատակիցների, մատակարարների և գործընկերների աշխատակիցների առողջությունը մեր կարևորագույն նպատակներից մեկն է։ Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և կանենք մեզնից կախված ամեն բան՝ ուշացումները նվազագույնի հասցնելու համար։