Մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը – Unicomp

Մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

Silicon Mountains Summit 2021

Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ 

Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։ 

Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։  Ձեր երկիրը ներուժ  ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:

«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

«Վերջերս ձևավորվել է մի միջավայր, որտեղ մեկ ամսվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների բնագավառի համայնքի ներկայացուցիչները միջոցառումներ են կազմակերպում՝ Ինժեներական շաբաթ, DigiWeek, DigiTec, հիմա էլ «Սիլիկոնյան լեռներ» գագաթնաժողով։ 20 տարիների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ավելի գնահատվի գիտելիքը,  հնարավորությունը,  տաղանդը, որը  տարիներ շարունակ այլ ուղղությամբ է օգտագործվել: Հաջորդ հաջողությունների իրականացումը կախված է բոլորիցս. պետություն, հասարակություն և առավել ևս՝ համայնք։ Բոլոր հանդիպումների ընթացքում համայնքը մի կարևոր հարց է բարձրացնում՝ Հայաստանի զարգացման ուղին մեկն է՝ գիտելիքը», իր խոսքում նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։

«SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», – ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:

«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում:  SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը«Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը: 

Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում: Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին«Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԲԱՆԱ-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ): Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո: Մասնակիցներն էին «Յունիքոմփ»-ի Համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «ԱԿԲԱ բանկ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և «Վիվա-ՄՏՍ» ընկերության Ներքին հսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը: