Կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակ – Unicomp

Կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակ

COVID-19

Ինչպես և ակնկալում էին միջազգային հեղինակավոր կառույցները, կորոնովիրուսը սկսել է ազդել համաշխարհային տնտեսության վրա։

Վիրուսը առավել ակտիվ տարածվեց և շարունակում է տարածվել 2020թ-ի․ առաջին եռամսյակում։ Վիրուսի արտակարգ տարածումը հանգեցրեց ֆորս-մաժոռային իրավիճակի՝ դրա դեմ պայքարի միջոցառումների էական խստացման պատճառով։ Սահմանափակվեցին, իսկ որոշ դեպքերում փակվեցին, Չինաստանում տեղակայված չինական և միջազգային ընկերությունների գործարանները։

Չինաստանում, իրավիճակից ելնելով, երկարաձգվեցին հունվարի 24-ից փետրվարի 8-ը նախատեսված Չինական Նոր Տարվա արձակուրդները։ Արդյունքում գլխավորապես տուժեցին տեխնոլոգիական ձեռնարկությունները, քանի որ վերջիններիս հիմնական արտադրական կարողությունները տեղակայված են Չինաստանում, կամ առնվազն պահեստամասերը մեծ մասամբ արտադրվում են Չինաստանում։ Այժմ բոլոր համաշխարհային արտադրողները ունեն արտադրության էական սահմանափակումներ։

Ցավոք, այս իրավիճակը ազդեց նաև մեր ընկերության մատակարարումների և պայմանագրային պարտավորությունների ընթացքի վրա՝ առաջացնելով մատակարարման ժամանակացույցից զգալի ուշացումներ և շեղումներ։ Արդեն իսկ զգալիորեն ուշացել է Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի (ԿՏԱԿ) հետ ունեցած պայմանագրով նախատեսված 80 դյուրակիր համակարգիչների մատակարարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության համար։

Իրավիճակը չփոխվելու դեպքում կարող են տուժել նաև մեր մյուս պատվիրատուների մատակարարումները։

Մենք շուրջօրյա ռեժիմով աշխատում ենք մեր մատակարարների և գործընկերների հետ՝ իրավիճակը հնարավորինս կառավարելի դարձնելու ուղղությամբ։ Հուսով ենք՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը կտան իրենց արդյունքը այս ֆորս մաժորային իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու համար։

Մեր աշխատակիցների, մատակարարների և գործընկերների աշխատակիցների առողջությունը մեր կարևորագույն նպատակներից մեկն է։ Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և կանենք մեզնից կախված ամեն բան՝ ուշացումները նվազագույնի հասցնելու համար։