Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը - Unicomp

Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

16th Annual International Microelectronics Olympiad

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանից էին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից: Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ․

  • Առաջին մրցանակակիր էր դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
  • Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
  • Երրորդ մրցանակին արժանացել էին.
    • Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
    • Անջելա Կոստիչը` Սերբիայից
    • Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», – ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», – ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

«Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», – ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիս»-ի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա–ՄՏՍ–ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: 

«Մենք տեսնում ենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների և ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման և ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է և ահռելի հաջողություն բոլորիս համար», – ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», – ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայք՝ www.microelectronicsolympiad.org